Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել:
«Մայիսի 20-ին բոլոր մանկապարտեզները կվերսկսեն աշխատանքը: Այսօր հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հրավիրված հանդիպմանը խոսեցի անվտանգության կանոնների պահպանման և աշխատանքների կազմակերպման մասին: Նախնական հարցումներով՝ սպասվում է երեխաների շուրջ 30-35% այցելություն:
«Մեր երեխաների անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է: Եթե որևէ մանկապարտեզում որևէ աշխատակից խախտի անվտանգության կանոնները, ապա ներում չի լինելու, և տվյալ աշխատակիցը կամ աշխատակիցներն այլևս հանրակրթության համակարգում անելիք չեն ունենա: Մենք գործ ունենք ավելի քան 11 հազար երեխայի և նրանց ընտանիքների առողջության և անվտանգության հետ: Սա միակ դեպքն է, որ փոխզիջում չենք տեսնում: Ամեն մեկն այս օրերին պետք է ցուցաբերի սոցիալական պատասխանատվություն»:
Մանկապարտեզներում կիրականացվի ամենօրյա ախտահանում, աշխատակիցները կկրեն դիմակներ, որոնք օրվա ընթացքում կկարողանան փոխել:
Անմիջապես մուտքի մոտ առավոտյան ու նաև օրվա ավարտին բոլոր երեխաները կջերմաչափվեն հեռահար աշխատող սարքերով: Բակերում ծնողների համար կլինեն գծանշումներ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Խաղերն ու դասաժամերն էլ հիմնականում կկազմակերպվեն բացօթյա՝ պահպանելով երեխաների միջև սոցիալական հեռավորությունը: Ննջասենյակների հատվածներում ևս պետք է պահպանվի համապատասխան հեռավորություն:
Խորհրդակցությանը մեկ անգամ ընդգծել եմ, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթությունը կտրվի աշխատող ծնողների երեխաներին: Բայց սա չի նշանակում, որ տնօրենները կամ աշխատակիցներն իրավունքն ունեն պարտադրել ծնողներին՝ երեխաներին բերել կամ չբերել մանկապարտեզ:
Ինչ վերաբերում է քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ նման անձանց խնամող աշխատակիցների աշխատանքի գալուն, ապա վերջիններիս՝ հնարավորինս զերծ պահելով համավարակի վտանգից»,- տեղեկացրել է փոխքաղաքապետը Ֆեյսբուքի էջում: