Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով այսօրվա նիստին հետազոտվել է նաև լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նամակագրությունը:
Armtimes.com-ը գրում է՝ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը պարզաբանել է, որ այն ներկայացնում են որպես ապացույց՝ հիմնավորելու, որ իր պաշտպանյալն արդար է և ղեկավարվել է միայն պետական շահով: «Թեև այն ընկերական ոճի մեջ է, սակայն էական նշանակություն ունի»,- ասաց նա:
Նշենք, որ Սանասարյանի և Թորոսյանի միջև սոցիալական ցանցի միջոցով արված նամակագրությունը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 1-ին: Այն ներկայացնում ենք ստորև.
«Արսեն Թորոսյան- Քո աշխատողները ի՞նչ լիազորություններով են տենդերի տեխնիկական բնութագիրը փոխում… Մենք կորցրել ենք դիալեզի սարքերը սպասարկելու հնարավորությունը և կասկածելի որակի ապրանքներ են կրել, որը ուղիղ ձևով անդրադառնալու է պացիենտների կյանքի և առողջության վրա: Ես մանրամասները չեմ իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, այսուհետև տենց ա լինելու, եթե մեր ենթակայության տակ գտնվող կամ առողջապահության որևէ հիմնարկում փորձ արվի միջամտել ներքին գործերին: Նույնիսկ ես չեմ տիպային բնութագիր տալիս իմ հիմնարկներին:
Դավիթ Սանասարյան- Արս, դիալեզի ոլորտը մինչև հիմա եղել է մոնոպոլիզացված, և ոչ մեկը չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարի 8-ին նախարարության աշխատակազմի ղեկավարին է ուղարկվել դիալեզի շուկայի վերլուծության ուսումնասիրություն, և առ այսօր չի եղել արձագանք, մեր կողմից ընդամենը առաջարկվել է տեխնիկական բնութագրերը հանձնելիս հաշվի առնել նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է և մրցակցություն ապահովող: Դիալեզի շուկայի վերլուծության արդյունքներով՝ շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են դատախազություն, չարաշահումների չափը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը, ավելին, այս պահին մրցույթները շարունակվում են կազմակերպել խտրական, մեկ ընկերության համար: Օրինակ՝ Վանաձոր բ/կ-ի մրցույթը նորից խտրական էր: Պացիենտների առողջության մասով էլ մտի Մասիվի բ/կ ու նայի՝ ինչ պայմաններով են դիալեզ ստանում: Պետք է նաև նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով սարքերի սպասարկում պահանջել արգելվում է, դա «Գնումների մասին» օրենքի կոպիտ խախտում է:
Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ մատակարարվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել է, եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, հրավիրում եմ մեզ մոտ՝ համատեղ քննարկման: Նաև հայտնում եմ, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, ու մրցակցության արդյունքում «Ֆրեզենի» ներկայացրած գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի տարբերություն է տվել մի քանի ամսվա պարագաներ ձեռք բերելու համար: Տարեկան անհրաժեշտ քանակը ձեռք բերելու դեպքում գներն ավելի կնվազեն: Սա առաջին ոչ խտրական մրցույթն է, ու հետագայում հիմքեր են ստեղծվում մեծ գումարներ տնտեսելու համար: Ինձ համար հարց է, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչև հիմա, և ինչ է նախատեսում հիմա շուկան մրցակցային ներկայացնելու համար: Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերը հիմքերով ուղարկվելու են դատախազություն: Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալեզի պարագաները գնում-վաճառվում են մաքսային արժեքից 2.2-3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց ես չեմ կարող պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացք տալու ենք»:
Արսեն Թորոսյան- Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես, ինձ համար մի քանի միլիոն դրամը էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքի հարց է: Նաև էական չէ այդ գնումների ախմախ օրենքը: Ասում ես՝ արգելվում ա սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ ա դրա համար մի քանի միլիարդ ծախսելը, որը արդյունքում բերելու ա ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի: Նույն կերպ թույլատրվո՞ւմ ա նենց փոխել տալ տենդերի պայմանները, որ տենդերը կրի «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել այս բիզնեսով, մեր սխալն ա եղել, որ այդ առաջարկությունը ընդունել ենք, ես որ իմանայի, հաստատ չէի ընդունի, ուրախ եմ, որ «Վանաձոր» ԲԿ-ն չի ընդունել: «Զորաշենն» էլ մեծ հավանականությամբ կընկնի սև ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի: Հաջորդը. իմ նախարարությունը էնքան բան ա անում դիալեզի շուկայում, որ ոչ մեկը մինչ օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալեզի կարիք չունենան, վերջացրած Երևանում ու մարզերում դիալեզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ երբեք որակի հաշվին:
Սանասարյան- Արս ջան, «Զորաշենը» չգիտեմ ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում: Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չէ ասածդ, որ որակի խնդիր կա, իրականում երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը: Օրինականությունը, ամեն դեպքում, պիտի պահվի, ցավդ տանեմ:
Թորոսյան- Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ֆիրմայի ապրանքն են բերում, ի դեպ, 50-100 000 դրամանոց սարքերը նվեր տալով:
Սանասարյան- Բայց էն մյուսն էլ աշխարհում 10 միլիոն տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր: Նենց չի՝ նվեր ա, տալիս են, որ իրենցն օգտագործվի, բեր նստենք, խոսենք իրար հետ:
Թորոսյան- Համ չգիտես՝ ում ֆիրման ա, համ գրում ես, որ աշխարհում ծածկ ունի… Լավ, Դավ ջան, դե կապի մեջ:
Սանասարյան- Քանի որ ես ուզում եմ ավելի լավ հասկանալ՝ ինչ է կատարվել դիալեզի շուկայում, ու որպեսզի քո մոտ էլ կասած չլինի, մի քանի օրում կմտնենք նախ «Գրիգոր Լուսավորիչ», հետո նոր՝ «Վանաձոր»: Ասեցի՝ ասեմ՝ իմանաս:
Թորոսյան- Ուր ուզում եք, մտեք, Դավ ջան, դուք շուկա չեք կարող ուսումնասիրել, կարող եք միայն պետական գնումներ ուսումնասիրել: Հուսով եմ՝ տուբերկուլյոզի կենտրոն մտնելու պես քո աշխատողները աշխատանքներին չեն խոչընդոտի»:
Նամակագրության ընթերցումից հետո կողմերը դրա վերաբերյալ հայտարարություններ արեցին: Նախ, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ առերևույթ երևում է, որ Սանասարյանը իր փաստարկները կառուցում է՝ առաջնորդվելով պետական շահով. «Երկրորդն էլ, Թորոսյանը որ «Զորաշենի» անունը տալիս է, Սանասարյանն ասում է՝ չգիտեմ, թե դա ինչ կազմակերպություն է, հաջորդիվ Թորոսյանը որևէ ձև չի առարկում դրան: Մենք նախաքննության ժամանակ էլ սա նշեցինք, բայց ցուցմունքներում հանգամանքներ կան, ըստ որոնց՝ իրենց միջև մինչ այդ «Զորաշենի» հետ կապված խոսակցություն է եղել, և եթե եղել է, պարո՛ն Թորոսյան, Դուք, որ հակված էիք սխալ գտնել պարոն Սանասարյանի խոսքի մեջ, բա ինչո՞ւ չեք գրել՝ բա մենք դրա մասին խոսել ենք»:
Պաշտպանի այս վերջին հայտարարությանը առարկեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը՝ ասելով, որ պաշտպանը հղում է անում չհետազոտված ապացույցի: Դատավոր Դավիթ Բալայանը համաձայնեց դատախազի հետ:
Այնուհետև դատախազ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հանգամանքի, որոնք, ըստ իրեն, կարևոր են. «Ըստ էության, Թորոսյանը գրագրությունում նշում է, որ ՊՎԾ աշխատակիցները միլիոնավոր բնութագրեր են փոխում, որ հետագայում իրենց ֆիրմաները հաղթեն այդ տենդերները, լավ, բա Սանասարյանի մոտ հարց չէ՞ր առաջանում, առաջնահերթ նա պիտի անդրադառնար հենց դրան, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչ ընկերություն է»: Դատախազի կարծիքով՝ ՊՎԾ ղեկավարը, իմանալով, որ իր աշխատակիցները զբաղվում են բիզնես գործունեությամբ, որևէ միջոց՝ ծառայողական քննության կամ այլ եղանակով, չի ձեռնարկել. «Իսկ եթե տեղեկություն չուներ, ապա առնվազն պիտի փորձեր դա պարզել, որովհետև նրա հասցեին, այսպես ասած, մեղադրանքներ էին հնչեցվում նախարարի կողմից»:
Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ ինքը խոսում է այն մասին, որ տեղյակ չի եղել, թե ինչ կազմակերպություն է «Զորաշենը». «Ինչ վերաբերում է նրան, որ գրել եմ՝ թե մյուս ընկերությունն էլ աշխարհում ծածկ ունի, Սամվել Ադյանն է ինձ ասել, որ էլի կազմակերպություններ կան աշխարհում, որ մեծ ծածկ ունեն»:
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը հավելեց, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում, և իրականում, անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Սանասարյանը պաշտպանում է պետական շահը: Արձագանքելով նրան՝ դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց, որ Արսեն Թորոսյանի նամակների բովանդակությունից երևում է, որ նա պաշտպանում է ոչ թե որևէ կազմակերպության, այլ ապրանքների որակը: Դատավորը կոչ արեց կողմերին վիճաբանության չվերածել և անցնել հաջորդ նյութերի ուսումնասիրմանը՝ շեշտելով, որ սա միակ ապացույցը չի լինելու և դիտարկվելու է գործի նյութերում առկա մյուս բոլոր փաստաթղթերի հետ համադրության մեջ:
Հաշվի առնելով, որ փաստաբաններից մեկը նախապես նշանակված այլ դատական նիստի էր՝ այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին: