Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամերիկյան առաջին փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք։ Խոսքը Նուբար Աֆեյանի հիմնադրած Մոդեռնա ընկերության մասին է, որտեղ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլն անցել է հաջողությամբ։
Պատվաստանյութը կարգավորում է մարդկանց իմունային համակարգը։ Բոստոնում գտնվող բիոտեխնիկական այս ընկերությունն այսօր հայտարարել է վաղ փուլային փորձարկման միջանկյալ արդյունքների մասին՝ ցույց տալով, որ mRNA-1273 անվամբ պատվաստանյութի թեկնածուն անվտանգ է և լավ է ընդունվել փորձարկվող մարդկանց օրգանիզմում՝ աննշան մի քանի բարդություններով: Մոդեռնան ամերիկյան առաջին ընկերությունն էր, որն անցավ պատվաստանյութը մարդկանց շրջանում փորձարկելու փուլը։ Նրանք 8-ից 55 տարեկան են։
Մոդեռնայի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ ավելի լավ արդյունք հնարավոր չէր ակնկալել։ Այսպիսով, Մոդեռնան հուլիսին կարող է սկսել փորձարկումների լայնածավալ երրորդ փուլը, երկրորդ փուլը շուտով կսկսվի։ Երրորդ փուլի արդյունքները կարող են հայտնի լինել մինչև տարեվերջ։
Արդյունքները, ինչպես նաև մկների վրա ուսումնասիրության տվյալները, ընկերության մասնագետներին թույլ են տվել հաջորդ փորձարկումները կենտրոնացնել պաստվաստանյութի չափաբաժնի ավելի փոքր քանակի վրա: Ընկերությունից հայտնում են նաև, որ տվյալները հիմնավորում են այն համոզմունքը, որ mRNA-1273-ը կորոնավիրուսի հիվանդությունը կանխելու ներուժ ունի։
Այս տեղեկությունից հետո Մոդեռնայի բաժնետոմսերի գինն աճել է մոտ 25 տոկոսով: