Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովն արդեն ունի բազմաթիվ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ լրագրողներին անհանգստացնող հարցերի:
Քոչարյանը հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին: Ընդգծեց, որ վերջին մեկ ամսում մեծ ծավալի հանդիպումներ են կազմակերպել նախկին պետական պաշտոնյաների, զինված ուժերի հրամանատարների հետ, և պետք է ֆիզիկապես հասցնեն որակյալ զեկույց ներկայացնել:
«Պետք է ամռան ամիսներին իմի բերենք այս ծավալի տեղեկությունը: Ես այսօր ստացել եմ նաև Ազգային անվտանգության ծառայությունից Ապրիլյանի վերաբերյալ մեզ հետաքրքրող զեկույց»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ նմանատիպ հազարավոր նյութեր են եղել, և պետք է ամբողջը համադրել:
«Սեպտեմբերին նստաշրջանը կսկսվի, և մենք պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որը հուզում է բոլորին: Մենք ստացել ենք այնքան տեղեկատվություն, որը մեզ հնարավորություն է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն»,- ասաց Քոչարյանը՝ մանրամասնելով,- «Ունենք ապագա եզրակացության կառուցվածքը: Կասեմ որոշ էլեմենտներ՝ ինչու սկսվեց հակառակորդի ապրիլյան ավանտյուրան, ինչ նպատակով էր, մենք ինչքան էինք պատրաստ նման ավանտյուրաների, բուն պրոցեսը ապրիլի 2-5-ը եւ բանակցությունների բուն պրոցեսը, այդ շղթայի մեջ մենք ինչ պրոցեսների ենք առնչվել»: