Շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից։
«Գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Հիմա քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի՞ սպանության հեղինակների անուն, ազգանունները։ Պետք է քննությունը շարունակվի, և պետք է ջանքեր գործադրենք այդ անձին ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները։ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննությանը գնացող մարդկանց վրա ճնշումներ է գործադրել, որ թաքցնեն իրականությունը։
«10 տարի թաքցրած իրականությունը շատ հեշտ չի երկու տարում բացահայտել։ Եթե հիմա պարզվի, որ այդ իսկական պարկուճները տարել են մի տեղ ձուլարանում ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»,- նշեց վարչապետը։