Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ութերորդ ասուլիսն անցկացնում է առցանց ձևաչափով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Ինչպես վերջին ասուլիսներին՝ վարչապետն արդեն չորրորդ անգամ այն սկսեց նոր Հայաստանի մասին 100 փաստերի թվարկմամբ։
Առաջին փաստը վերաբերում է նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության հաստատած հակաճգնաժամային միջոցառումներին։
Վարչապետը նշեց, որ ընդունված 18 միջոցառումներից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։
«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84,4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48.400 իրավաբանական և շուրջ 1․100․000 ֆիզիկական անձ։ Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 494 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 35.4 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ, այսինքն՝ վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը՝ 6-10 տոկոսով, այսինքն՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով: Վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված, այսինքն՝ այդ ընթացքում որևէ վճարում անելու անհրաժեշտություն չկա»,- նշեց վարչապետը։
Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 միլիարդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Բացի դա, Կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:
Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 24-500 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսավարող սուբյեկտների 8.3 միլիարդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում՝ 0%, երկրորդ տարում՝ 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում։ Այս ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրում այն ընկերություններին, որոնք չէին ունեցել հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ։
Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2093 քաղաքացի, բաշխվել է 209 միլիոն դրամ:
Հակաճգնաժամային հինգերորդ միջոցառմամբ 2-50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել են 13.934 տնտեսավարողներ, որտեղ աշխատում են 78.412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակներում արդեն իսկ բաշխվել է 2.2 միլիարդ դրամ։