Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացում հայտնեց, որ 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5%-ով՝ 97-ից` 92 տոկոս։
«Մրցակցության ավելացումը մի կողմից և վառելիքի գների համաշխարհային միտումները՝ մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018 թ. մայիսի դրությամբ դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թ. մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38%-ով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ»,- նշեց վարչպետը։
Կարագի շուկայում 2019 թ. ընթացքում 2018 թ. համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է՝ նշեց վարչապետը, առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%:
«Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թ. կազմել է 4383 դրամ, 2019 թ.՝ 3906 դրամ, իսկ ներկայումս՝ 3680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16%-ով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ճգնաժամի պայմաններում, օրինակ՝ կարագի գինը ինչքան էլ թանկանա, չի կարող հասնել 2018-ի գնին:
Շաքարավազի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը՝ հավելեց վարչապետը։ Արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67%-ից դառնալով 49%, իսկ իրացման մասով՝ 95%-ից դառնալով 88%։
«Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում շաքարավազի շուկայում վերջին երկու տարում տեղի է ունեցել շուրջ 24% գնանկում։ Մասնավորապես, եթե 2018 թ. մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020 թ. այն արժի 255 դրամ»,- նշեց վարչապետը։