Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ընթացքում նշեց, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդ։
«Մայիսի 15-ի դրությամբ՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768.150 վարկ և իրավաբանական անձանց 16.875 վարկ»,- նշեց վարչապետը:
Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան՝ երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մասին է, որոնց մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։
«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թ. ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թ. ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա ընդունվել է որպես ոչ այնքան հակաճգնաժամային միջոցառում, այլ որպես տնտեսական և հարկային քաղաքականություն և անփոփոխ է մնալու կորոնավիրուսային ճգնաժամից հետո: