Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին, ընդգծեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և հանձնաժողովը կքննարկի:
«Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով՝ կշարունակեն աշխատել ու գործակցել գործընկերների հետ:
Ռուսական կապիտալով ընկերությունների վերաբերյալ վարչապետը նշեց, որ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և քննարկում է եղել ՌԴ նախագահի հետ: Ընդգծեց՝ պայմանավորվածությունները կան և մնում է ի կատար ածվեն: Ասաց նաև, որ Ռուսաստանի հետ ունեն հարաբերությունների հարուստ օրակարգ:
«Մենք այդ հարաբերությունների հարցերը լուծելով գնում ենք առաջ։ Բոլոր դեպքերում պետք է լինեն դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմբռնում»,- ասաց վարչապետը։