Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի մասին հարցին ի պատասխան՝ նշեց, որ եթե նախկին նախագահների հետ խորհրդակցության անհրաժեշտություն տեսնի, ապա անպայման կգնա դրան, որևէ խնդիր չկա։
«Բայց կա այսպիսի հանգամանք՝ նախկինում վարած բանակցությունների մասին ինֆորմացիան պետական կառավարման համակարգում առկա է, ինչ վերաբերում է ձևաչափին՝ բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների ներկայությունը բանակցություններին շատ էական և կարևոր ենք համարում, քանի որ չենք պատկերացնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ խոսվում է այն մասին, թե իրենց չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան։
«Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998-ին Արցախը դուրս թողնվեց բանակցային սեղանից։ 22 տարի ամբողջ հանրությունը, Մինսկի խումբը աշխատել են այդպիսի պայմաններում և այդպես եղել է լռելյայն՝ կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի, և սա բերում է իր հետ բարդություններ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի։ Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- նշեց վարչապետը։
Վարչապետը նշեց, որ չի կարող որոշում կայացվել, որը ոչ հայանպաստ կլինի, քանի որ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին որոշ դեպքերի, բանակցող անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։
«Եթե կլինի որևէ որոշում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, ապա այդ ժամանակ կգանք ժողովրդի հետ խորհրդակցելու։ Ինչու կարո՞ղ է Արցախի հարցը լուծվել մի մարդու քմահաճույքով։ Ով է այդ մարդը՝ ուզում եմ իմանալ»,- նշեց վարչապետը։