Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում ասաց, որ 2019-ի ընթացքում քննված քրեական գործերով պարզվել է, որ հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018թ-ին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց:
«Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս: 2019-ին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2 մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, անշարժ գույքի վրա: Այն 2018թ-ի համեմատ ավելի է 45.7%-ով: Հատկանշական է, որ 2018-2019-ին քննված քրեական գործերի շրջանակում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառած ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերածը միասին, որը կազմում է 36.5մլրդ դրամ: Իսկ վերականգնված վնասը՝ 40.2մլրդ դրամ, նախորդող 9 տարիների ընդհանուր արդյունքը գերազանցում է 19 մլրդ դրամով կամ շուրջ 90%-ով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այդ կետի մեջ թաքնված երկխոսություն կա: Ասաց, որ այդ փաստն իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են ձևակերպել իրենց խնդրանքով և տվել, որ ներառվի մեր հարյուր փաստի մեջ: Վարչապետի խոսքով մեսիջ կա դրանում, որ շատ է խոսվում իրավապահ մարմինների արդյունավետության մասին, իսկ սա նրանց ուղերձն է, որ իրենք, նախկինի համեմատ, կրկնակի, եռակի ավելի ծանրաբեռնված են աշխատում: Վարչապետն ընդգծեց, որ նրանց աշխատանքի ծավալը կրկնակի աճել է. «Մեր իրավապահ համակարգն այսպիսի տեմպերով, ծավալով , կոռւպցիայի դեմ պայքարի գործերով աշխատել ուղղակի սովոր չէ»։
Փաշինյանը անդրադարձավ նաև այն փաստին, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ։