Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Կառավարություն-համայնք- քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերի, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ։
Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թ. հուլիս 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով։
Կորոնավիրուսով պայմանավորված՝ բուժհաստատությունները հիմնականում պլանային վիրահատություններ չեն իրականացնում և իրականացնում են միայն անհրաժեշտ անհետաձգելի վիրահատություններ: Վարչապետն ասաց, որ այդ պատճառով պետպատվերից նրանց ակնկալվող գումարները չէին ստացվելու, և որոշել են, որ այդ կանխավճարները համամասնորեն տան հիվանդանոցներին՝ ֆինանսական խնդիրներ չունենալու համար:
Շուրջ 100 հազար թեստեր են ձեռք բերել, և գործընթացը շարունակական է: Կմատակարարվեն լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Այս պահին շուրջ 100-ը կան: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ ոչ միայն գյուղական համայնքների համար:
Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել են շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների, ալկոգելերի արտադրություն:
Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ: Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար:
Այս տարի դպրոցները թեև ֆիզիկապես փակ են, բայց ուսումնական տարին ավարտին կհասցնենք, միջոցներ ենք ձեռնարկում, որ հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն՝ ուսումնական գործընթացը չխաթարելու համար, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու»,- ասաց վարչապետը: