Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին և գրանցված արդյունքներին։
Վարչապետը նշեց, որ բրիտանական «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում։
Varieties of Democracy ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն էլ՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։ Զեկույցում ներկայացված 6 ինդեքսներից 5-ում Հայաստանը նախորդ տարվա համեմատ գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը։
Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանը Heritage Foundation-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 հորիզոնականով։
Ըստ Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020 թ. ցուցիչի էլ՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրել սահմանված բոլոր երեք չափորոշիչներով, մասնավորապես՝ 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով՝ տնտեսական և 30 հորիզոնականով՝ կառավարման չափորոշիչներում: Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի մասով աշխարհում 34-րդն է (7.10 միավոր՝ թերի ժողովրդավարություն), տնտեսական տրանսֆորմացիայով՝ 43-րդը և 55-րդը ՝ կառավարման ցուցիչով:
«Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նույն կառույցի կողմից հրապարակվող «Անցումային երկրներ 2020» զեկույցի համարձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենամեծ երկամյա ցուցանիշը»,- նշեց վարչապետը։
«Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը համարվել է ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և, 6 հորիզոնականով բարելավելով իր դիրքերը՝ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։
«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը 2018 թ. վերլուծության համեմատ բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։
Արևելյան և հարավարևելյան Եվրոպայի Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և «Ազատության բարոմետր ինդեքսի» հեղինակների կողմից հրապարակված «Մարդու իրավունքների ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5․78 միավորից բարձրացրել է իր միավորը մինչև 6․10 և հայտնվել 37-րդ հորիզոնականում։
«Freedom Barometer 2019»-ի տվյալներով՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 7,21 միավորով և ,ստանալով 60,14 միավոր` 45 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-րդ հորիզոնականի փոխարեն։
«Զեկույցում արձանագրված է, որ 2019 թ. փոքրաթիվ երկրների է հաջողվել առաջընթաց արձանագրել օրենքի գերակայության ապահովման հարցում, և Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան դրա վառ օրինակներն են»,- նշեց վարչապետը։