Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում նշեց, որ հակաճգնաժամային 11-րդ, 12-րդ, 16-րդ միջոցառումներով օգնություն է ստացել 486.434 ընտանիք, բաշխվել՝ 4.7 միլիարդ դրամ: Ծրագրերով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝
-
բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ.
-
էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25.000 դրամ.
-
խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:
«Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84.810 ընտանիք, բաշխվել՝ 1.2 միլիարդ դրամ»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ ծրագրով մի մասը կանխիկ էր վճարվել, մյուս մասն էլ՝ կոմունալ վճար էր փոխանցվել:
Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020 թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները՝ 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ:
«Այս ծրագրի մասով ասվում էր, թե ինչու ենք մենք օգնում միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մենք օգնում ենք բացառապես բոլոր ուսանողներին։ Պարզապես բարձր առաջադիմություն ունեցողներին օգնում ենք ավելի շատ, որովհետև նրանք աշխատել են ավելի շատ։ Մենք բանկային համակարգի հետ ունենք համաձայնություն, և ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգերը կպարզեցվեն ու կհեշտացվեն»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը բնապահպանական բաղադրիչով հակաճգնաժամային 15-րդ միջոցառման մասին խոսելիս նշեց, որ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչև 10 հազար դրամ: Վարչապետը նշեց, որ ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։
Վարչապետը նշեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը խթանելով՝ հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-30 միլիոն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում են ստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողները։
«Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել, իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավելի, քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ՝ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով»,- նշեց վարչապետը: