Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ՝ այսօր իր ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն»,-նշեց վարչապետը։
Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք օժանդակության ծավալները՝ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։