Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ընթացքում, ներկայացնելով նոր Հայաստանի մասին հերթական 100 փաստը, նշեց, որ մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային հիմնադրամի աշխատանքը։
«Սա կարևոր իրադարձություն է, քանի որ նախկինում հայաստանյան ընկերությունները գումար ներգրավելու սահմանափակ հնարավորություններ ունեին՝ հիմնականում վարկերի միջոցով: Այսպիսի ֆոնդերի գոյությունը հնարավորություն է տալիս, որ ոչ միայն գումար ներգրավեն, այլև բարձր պրոֆեսիոնալ գործընկերներ ձեռք բերեն, որոնք իրենց ընկերություններին կօգնեն զարգանալ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ այն փաստին, որ Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շուրջ 16 մլն եվրո աջակցությամբ՝ Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Այն կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը:
«Ֆոնդը ներգրավելու է ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝ կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով խթանելով նաև ՓՄՁ-ների միջազգայնացումը»,- տեղեկացրեց վարչապետը:
Փաշինյանը նաև ներկայացրեց, որ Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է Հայաստանը հանել Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «մոխրագույն» ցուցակից։ Ասաց՝ ԵՄ գործընկերները Հայաստանն այլևս կդիտարկեն հարկային առումներով համագործակցող երկիր։
Վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսեր թողարկող ընկերությունների թիվը 10-ից դարձել է 11՝ վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ ավելանալով: Փաշինյանը նշեց, որ այն, ի թիվս այլ պատճառների, տեղի է ունեցել Հարկային օրենսգրքում ցուցակված ընկերությունները շահաբաժնի եկամտային հարկից ազատելու արդյունքում։ Ընդգծեց՝ արդյունքում էական կբարձրանան Հայաստանի Doing Business-ի միավորները:
«Համաշխարհային բանկի հետ գործակցության արդյունքում վերանորոգվել և վերանորոգվում են մարզերում զբոսաշրջային հիմնական ուղղություններ տանող ճանապարհները, հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցներ, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք, Մակարավանք տանող ճանապարհը: Զբոսաշրջությունը բարդ ժամանակաշրջանում է, բայց հույս ունենք, որ այս տարի պոտենցիալ զբոսաշրջիկները ավելի շատ կճամփորդեն Հայաստանում»,- ասաց վարչապետը: