Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի մասին 100 նոր փաստերը, նշեց, որ ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։
«Փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ պաշտպանության, մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք, նաև՝ տվյալ համայնքներից այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ 2020 թ. փոխհատուցման համար նախատեսվել է 1․2 մլրդ դրամ»,- հայտնեց վարչապետը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի էլ 300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։
Վարչապետը տեղեկացրեց, որ 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ՝ նախորդ տարվա 3-ի փոխարեն: Ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի ևս տրամադրվել է՝ նախորդ տարվա 190-ի փոխարեն՝ խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Փաշինյանը շեշտեց, որ ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:
«Սա կարևոր քաղաքական ուղղություն է: Մենք զարգացնում ենք այն, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքով զբաղվեն ոչ թե այնպիսի մարդիկ, որոնք աշխատանք փնտրելու բերումով ուղղակի աշխատանք են փնտրում, և այդ գործը կա, այլ կազմակերպություններ, որոնք գաղափարաբանորեն որոշել են նվիրվել այդ գործին»,- ասաց Փաշինյանը:
Փաստերից վարչապետը նաև առանձնացրեց այն, որ Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։
«Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ՝ 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները»,-ընդգծեց Փաշինյանը։