Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկվածների՝ դատապարտված անձանց թիվը շարունակում է նվազել՝ այսօր ասուլիսի ընթացքում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես՝ 2017-ին դատապարտվածների թիվը եղել է 2410, 2018-ին՝ 1963, իսկ 2019-ին՝ 1556։ Համապատասխանաբար, շարունակում է նվազել նաև ազատազրկված դատապարտյալների թիվը, 2017թ-ին այն կազմել է 1410, 2018-ին՝ 1148, իսկ 2019-ին՝ 1037։ ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է ամենախիստ աստիճանից ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ, իսկ 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացման ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում: Բացի այդ, 2020թ-ին պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ»,- նշեց վարչապետը։
2019 թվականից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկած՝ սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու փորձնական ծրագիրն ունի 100% ցուցանիշ։
«Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մայիսից՝ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքում սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին: Մինչև 2020 թվականի հունիս այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում»,- հայտնեց Կառավարության ղեկավարը: