Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ մետաղական հանքի շահագործման։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ութերորդ ասուլիսի ժամանակ։
«Հանքերից 3-ը եղել են ոսկու, իսկ մեկը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման մասով, զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86 միջնորդագիր ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։ Արդյունքում՝ շուրջ 695 մլն դրամ է վճարվել ՀՀ պետական բյուջե»,- նշեց վարչապետը:
2019 թ. ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորերի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ՝ նշեց վարչապետը։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել են ևս 28 խորքային հորեր։ Փականային ռեժիմի են բերվել 20 խորքային հորեր։ Խնայվել է 3,017.8 լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։
«2019 թ. արձանագրվել է 1863 բնապահպանական իրավախախտում, որոնց հիմքով հարուցվել է 1228 վարչական վարույթ, վարչական տույժի է ենթարկվել 914 անձ՝ նախորդող տարվա 774-ի փոխարեն: 2019 թ. ընթացքում վերահսկողական աշխատանքների շնորհիվ իրականացվել է 1358 վնասի հաշվարկ. հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2 մլրդ 658.7 մլն դրամի վնաս: 2019 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների փոխհատուցման մասով պետական բյուջե մուտքագրվել է 512.3 մլն դրամ գումար՝ 2018 թվականի 172.6 մլն. դրամի և 2017 թվականի 63.7 մլն դրամի համեմատ»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
2019 թ. ՀՀ-ում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքը անտառներ ավելի հազվադեպ է դարձել՝ հայտնեց վարչապետը։
«Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում»,- նշեց վարչապետը։
2019 թ. ընթացքում 160 հեկտար տարածքի վրա տնկվել է մոտ 500 հազար հատ ծառ՝ հայտնեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը: