Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ նշեց, որ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2017-2019 թվականների ընթացքում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4%-ով կամ 1377-ով, իսկ առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 29.5%-ով կամ 46.500 դրամով:
Վարչապետը հիշեցրեց, որ Կառավարությունը հաստատել է առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, որով օրենսդրորեն ամրագրվել են բնակչության որոշ խմբերի սքրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով կիրառվող՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները:
«Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1000 դեռահաս, 14.000 ամուսնական զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2500- 3000 կին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա շատ կարևոր ծրագիր է։
Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը, և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019 թ. միջինը նվազել են 6%-ով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինը 13%-ով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր։
2020 թ. հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության ուղարկելու պարզապես Tax Stamp բջջային հավելվածի միջոցով հեռախոսով սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի հավաստագրված և անվտանգ լինելը, այսինքն՝ պարզել՝ դեղը փորձաքննություն անցե՞լ է, թե՞ ոչ։
«Այս գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից»,- նշեց վարչապետը։