ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում, և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում:
Ահազանգի հետքերով ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այցելությունների ընթացքում կուտակումների որևէ դեպք չի արձանագրվել:
Տեղեկացնում ենք, որ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով:
Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով: