Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 100 նոր փաստերը, տեղեկացրեց, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական մակարդակը՝ 7.6 տոկոս: Այն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով՝ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:
«2019 թվականին տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով։ Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019 թ. ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7% աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն ավելացել է 41%-ով»,- ասաց Փաշինյանը։ Ներկայացրեց նաև, որ 2019-ին Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք: Այն 2017 թ. նկատմամբ աճել է 102%-ով կամ 2.5 միլիոն գործարքով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 48%-ով կամ 1.6 միլիոն գործարքով: Օտարերկրյա քարտերից 2019 թվականին ստացվել է 178 միլիարդ դրամի գործարք, որը 2017-ի նկատմամբ ավելի է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:
«Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով: Վարչապետը նշեց, որ այս փաստի արձանագրումը կարևոր է նրանով, որ ուզում են արտահանմանը միտված և տեխնոլոգիական արդյունաբերական տնտեսություն ունենալ: 2019 թվականին ունեցել են երկնիշ աճ արտահանման ոլորտում՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման և միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում: Ասաց՝ մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը, որի մեջ չի մտնում հանքարդյունաբերությունը:
2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների շրջանառությունը 2018 թ․ համեմատությամբ աճել է 30%-ով: ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը 2020 թ․ առաջին եռամսյակում 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 26%-ով։
«2020 թ. մայիսի սկզբի դրությամբ ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն: Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020 թթ. կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել է հայրենադարձների կողմից»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը փաստերից նաև առանձնացրեց այն, որ 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով: 2019 թ. արդյունքներով 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ՝ շուրջ 254 մլրդ դրամով։ Վարչապետը շեշտեց, որ այն հեղափոխության կարևոր արդյունքներից մեկն է, քանի որ խոշոր հարկատուների հարկային վճարումները էականորեն մեծացել են: Ասաց՝ աճի մի մասը բնականոն է, մյուսն էլ ստվերի կրճատման արդյունք է:
Վարչապետը նաև հայտնեց, որ 2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով և կազմել շուրջ 1 տրլն դրամ: «Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից՝ վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ասաց վարչապետը: