«Ինձ համար ակնհայտ է, որ մենք մինչև մյուս տարվա մայիս հանրաքվե չենք կարող անցկացնել, բայց մյուս կողմից՝ չենք կարող սպասել: Հետևաբար, ոչ մի բան չի խանգարում, որ միջազգային գործընկերների հետ մեր աշխատանքը նոր իրավիճակի բերումով կարգավորենք և ստանանք հնարավորինս արդյունավետ և, եթե հնարավոր կլինի՝ կոնսենսուսային լուծումներ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ հարցին, որ Կառավարությունը սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, և արդյոք քննարկո՞ւմ են սահմանադրական ճգնաժամը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակը: Հնարավո՞ր է, որ հրաժարվեն հարցը հանրաքվեով լուծելու նախնական տարբերակից:
«Հանրաքվեի շրջանում նույնպես մտադրվել էինք քննարկումների արդյունքում դիմել Վենետիկի հանձնաժողով: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ մոտ 10 օր առաջ հայտարարեցի, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի կորոնավիրուսը երկար է լինելու մեր իրականության մեջ: Նշանակում է, որ առնվազն մեկ տարի մենք չենք կարող հանրաքվե անել»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ հայտարարել են, որ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել հանրային առողջության շահից: Ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից՝ չեն կարող նաև սպասել Սահմանադրական դատարանի իրավիճակի լուծմանը, մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի:
«Եթե նույնիսկ սպասենք, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախնական հաշվարկով կարող է տեղի ունենալ մյուս տարի հունիսին: Այսինքն՝ մի տեսակ անիմաստ է դառնում այդ պրոցեսը: Մտածում էինք՝ այս տարի հանրաքվեն անենք, հետո խորհրդարանական ընտրությունների հետ կանենք մյուսը, բայց հիմա այս համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակացույցը այդքան էլ չի ստացվում: Հետևաբար, մենք Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և քննարկվում է առնվազն Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը»,- տեղեկացրեց վարչապետը: