«Փաստորեն սենսացիոն հայտարարությո՞ւն արեցի»,- այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տարբեր մարմիններ տարբեր թվեր են ներկայացնում, իրականում կոռուպցիոն հանցագործություններով հեղափոխությունից հետո որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե: Մեջբերվեց այն, որ վարչապետը հայտարարել էր, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե են վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 միլիոն դոլար: 2018 և 2019 թվականների գլխավոր դատախազության տարեկան հաղորդումների հետ համադրելով՝ ստացվում է, որ հանցագործությունների գծով վերականգնված գումարը մոտ 40 միլիարդ է, իսկ կոռուպցիոն հանցագործություններով վերականգնվածը՝ 5 միլիարդ: Ի հավելում այդ թվերի՝ ԱԱԾ-ն հայտարարել է, որ միայն այդ մարմինը կոռուպցիոն հանցագործություններով երկու տարվա ընթացքում վերականգնել է մոտ 26 միլիարդ դրամ:
Անդրադառնալով նման անհամապատասխանությանը՝ վարչապետը նշեց, որ դա ունի շատ կոնկրետ բացատրություն: «Այո, պաշտոնական թվերով այսօր էլ ես հրապարակեցի, որ խոսքը 40 միլիարդի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 միլիոն դոլար գումար կար: Ասաց, որ ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, որքան հիշում է՝ նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը:
«Այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Այդ հատվածը չի վերականգնվել ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել, Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով, և այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- ընդգծեց վարչապետը: