Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3%-ով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4%-ով։
«Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի նվազում է արձանագրվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020 թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ՝ նախորդ տարվա 179 և 2018 թ. 181 անգամի փոխարեն»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։
«2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019 թ. առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 49.5 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ 2018 թ. համապատասխան ցուցանիշները՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով»,- նշեց վարչապետը։
ՀԴՄ կտրոնների մասին խոսելիս վարչապետը նշեց, որ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրվել է 111.7 միլիոն ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով այն հայրենակիցներին, որոնք պահանջում են ՀԴՄ կտրոն, և որոնք թողարկում են։
Վարչապետը հավելեց, որ հակաճգնաժամային միջոցառումներով առավել մեծ օգնություն են ստացել այն տնտեսավարողները, որոնք ճշգրիտ իրենց շրջանառությունը արձանագրել են ՀԴՄ շրջանառությամբ։
«Գրանցված աշխատողները անգամներով ավելի շատ օգնություն ստացան, քան չգրանցվածները։ Չգրանցված աշխատողին հնարավոր չէ նույնականացնել, գտնել, նրանց օգնություն ցույց տալ։ Դրա համար կոչ ենք անում գործատուներին՝ գրանցել իրենց աշխատողներին»,- նշեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ առևտրային բանկերի տրամադրած վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։
«Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ոչ միայն ի վիճակի են վարկեր վերցնել, այլև նորմալ սպասարկել, ինչը նշանակում է՝ ունեցել են պատշաճ եկամուտներ»,- նշեց Փաշինյանը։
Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում՝ նշեց վարչապետը։ 2019 թ. առևտրային բանկերի տրամադրած վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53%՝ նախորդ տարվա 59.5%-ի փոխարեն։ Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թ. կազմել է 59.3%՝ նախորդ տարվա 60%-ի փոխարեն։ 2017 թ. դոլարիզացման մակարդակն ըստ ավանդների կազմել էր 62.4%։
«2020 թ. հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138 հազար սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 27 հազարով։ Ընդ որում, աճի հիմնական մասը պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների ակտիվությամբ, մասնավորապես, տարեկան կտրվածքով՝ շուրջ 15.7 հազարով աճել է ԱՁ-երի թիվը, շուրջ 5.3 հազարով՝ ՍՊԸ-ների թիվը, ՓԲԸ և ԲԲԸ թվերն աճել են, համապատասխանաբար, 126-ով և 24-ով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սա 2019-ի գործարար ակտիվությունն է ցույց տալիս։
Վարչապետը նշեց, որ 2019 թ. հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով:
«Համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92%-ով։ Սա նշանակում է, որ հարկային ստուգումները դարձել են առավել հասցեական և արդյունավետ»,- նշեց վարչապետը: