Սոցիալական ապահովվածության ամրապնդման ուղղությամբ իրականացված ծրագրերին անդրադառնալիս վարչապետը իր ասուլիսի ընթացքում նշեց, որ Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85 հազար քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13.8 հազար մարդ՝ 45%-ով ավելի, քան 2017-ին և 12%-ով ավելի, քան 2018-ին:
«Հատկանշական է, որ 2019-ի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7497 աշխատանք փնտրող, որից 4600 հազար շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017-ի համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018-ի համեմատ՝ 2.8 անգամ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ճգնաժամի ժամանակ Հայաստանում ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան 2017 և 2018 թվականներին:
Իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյունքում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11 հազար ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ՝ նշեց վարչապետը։
«Ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ 2019 թ. Կառավարության որոշմամբ պետպատվերի շրջանակներում նշված ծառայություններից սկսել էին օգտվել ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, այժմ շահառուների շրջանակն ընդլայնվել է, դրանից կօգտվեն պայմանագրային զինծառայողները և սպայական կազմը նույնպես»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թ. հունվարի 1-ից ավելացել են 30%-ով՝ նշեց վարչապետն ու հիշեցրեց, որ սա իր հեղափոխական խոստման կատարման ապացույցն է, երբ նշել էր, որ պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացվի։
Մայիսի 1-ից միջինը 30%-ով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 հազար դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է 36․6 մլն դրամ՝ նշեց վարչապետը։
«Այս հիմնարկներում աշխատակիցների աշխատավարձը բարձրացնում ենք ոչ թե հենց իրենց, այլ մանկատներում ապրող մեր երեխաների համար, որ նախ՝ այդ աշխատանքը ավելի գրավիչ դառնա բարձրորակ աշխատողների համար և, աշխատավարձը բարձրացնելով՝ մեր ուղերձը մեկն է՝ ավելի լավ նայեք մեր երեխաներին»,- հավելեց վարչապետը։