Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից այժմ գտնվող մոտ 35 ՀՀ քաղաքացիները ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:
«Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ է լինել օտարերկրյա քաղաքացիների համար:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:
Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»,- նշված է հայտարարության մեջ: