Արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները ներկայացնելիս Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ հանվում է սահմանափակումը նաև հանրային սննդի ոլորտում, բացվում են բարերը, ռեստորանները:
Փոխնախարարը հայտնեց, որ հանրային սննդի օբյեկտներ մտնելուց առաջ պետք է անպայման բոլորը ջերմաչափվեն: «Ում ջերմությունը բարձր լինի, չի սպասարկվի: Վերջիններիս վերաբերյալ տեղեկությունը կհաղորդվի առողջապահության նախարարության թեժ գծին: Այս միջոցառումներն ուղղված են միմիայն համավարակի տարածումը կանխելու, հնարավորինս ռիսկի մակարդակը իջեցնելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ քաղաքացիներն ու տնտեսվարողները խստորեն պետք է պահպանեն ու հետևեն սահմանված կանոններին: «Ձեռնարկատերերը, որոնք պատրաստվում են իրենց գործունեությունը վերսկսել մայիսի 18-ից, մինչև լիովին չապահովեն այդ կանոններով նախատեսված պահանջները, չեն կարող վերսկսել իրենց գործունեությունը»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ պարետի որոշմամբ՝ սահմանված կանոնների թերի կատարումը հիմք է, որ գործուենությունը սահմանափակված լինի:
Սահմանված կանոններին հնարավոր է ծանոթանալ www.gov.am/am կայքից, COVID-19 բաժնում առկա պարետի որոշումից: