Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնները ներկայացնելիս անդրադարձավ նաև հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջին:
«Դիմակ ունենալը պարտադիր է, բայց դա չի նշանակում, որ եթե միայնակ զբոսնում եք, պետք է դիմակ կրեք: Եթե դուրս եք եկել տնից, մտնում եք խանութ կամ պետք է օգտվեք որևէ տրանսպորտային միջոցից, ապա արդեն իսկ պետք է ունենաք այդ դիմակը և կրեք այն»,- ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ պարտադիր դիմակ կրելու պահանջը ուղղած է միայն համավարակի տարածումը հնարավորինս կանխարգելելուն ու նվազեցնելուն: Ընդգծեց՝ չկա որևէ այլ նպատակ:
Սիմոնյանն անդրադարձավ նաև տաքսիներից օգտվելու անվտանգության կանոններին: «Մեքենայի ետևի մասում նստելն ավելի ցածր ռիսկային է, քան անմիջապես վարորդի կողքին նստելը»,- ասաց Սիմոնյանը: Նա հիշեցրեց, որ համանման կանոն գործում է սննդի օբյեկտներում, որտեղ սեղանները իրարից պետք է այնքան հեռու լինեն, որ երկու տարբեր սեղանների շուրջ նստած մարդկանց միջև հեռավորությունը առնվազն 1.5 մետր լինի: