Հորդանանյան հովտի մի մասն Իսրայելին միացնելը վտանգավոր հետևանքներ կունենա: Այս զգուշացումն արել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը:
«Եթե Իսրայելը հուլիսին բռնակցի Արևմտյան ափի մի մասը, դա կհանգեցնի խոշոր բախման: Ես չեմ ուզում առաջ քաշել սպառնալիքներ և տարաձայնություններ, բայց մենք ուսումնասիրում ենք հնարավոր բոլոր պատասխանները: Մենք համաձայն ենք Եվրոպայի շատ երկրների և միջազգային հանրության հետ, որ ուժ չպետք է կիրառվի Մերձավոր Արևելքում»,- ասել է թագավորը:
Աբդուլլահ Երկրորդն ընդգծել է, որ Ռամալլահում Պաղեստինի ազգային ինքնավարության փլուզումը «ամբողջ տարածաշրջանում կհանգեցնի անարխիայի և ծայրահեղականության աճի»: Ըստ նրա՝ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորումը երկու պետությունների (Իսրայել և Պաղեստին) գոյակցության հիման վրա «միակ ճանապարհն է, որը թույլ կտա առաջ շարժվել»: