ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 03.05.2020 թ. մամուլում հրապարակված «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 16.11.2007 թ. Մ. Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար:
Հիշյալ ընկերությունը 2008 թ. նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար՝ նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2007-2008 թթ. վարչապետի օգնականի, 2008-2012 թթ. նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որը հետագայում նշանակվեց Վատիկանում ՀՀ դեսպան:
Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Մինասյանին մեղադրել էր սրճարանն իրենից խլելու համար: