Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:
Որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:
Տեղեկացնում են նաև, որ արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը: Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից: Հայտնի է նաև առաջին խմբի առաջնության վերափոխված խաղացանկը:
Նշվում է, որ ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:
ՀՖՖ գործկոմը կայացրել է ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվեց հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը: Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը: Որոշվել է չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:
Գործադիր կոմիտեն որոշում է ընդունել նաև 2019-2020 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների չեղարկման և միայն 2002-2007 թթ. տարիքային խմբերի գավաթի խաղարկության անցկացման վերաբերյալ:
Օրակարգի վերջին հարցով հաստատվել են ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի փոփոխությունները: 2020-2021 մրցաշրջանի համար հաստատվել է հուլիսի 15-ից հոկտեմբերի 7 ընկած ժամանակահատվածը, իսկ և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 13 ընկած ժամանակահատվածը: