Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
«Ամեն տարի մայիսի 15-ին ՄԱԿ-ը նշում է Ընտանիքի միջազգային օրը: Ընտանիքն այն վայրն է, որտեղ մեզանից յուրաքանչյուրն իրեն առավել պաշտպանված և ապահով է զգում: Ընտանիքը մարդու բնականոն զարգացման ամենաճիշտ և ցանկալի միջավայրն է: Հենց այս մոտեցումն է ընկած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի վրա հիմնված մեր քաղաքականության հիմքում: Մեզ համար այս մոտեցումն այլընտրանք չունի:
Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված մեր քայլերի արդյունքում շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող ավելի քան 190 երեխա անցյալ տարի վերադարձել է կենսաբանական ընտանիք:
Նույն գաղափարին հետևելով՝ մենք փորձում ենք նոր թափ տալ խնամատար ընտանիքի ինստիտուտին, որը կարող է ընտանեկան ջերմություն ապահովել այն երեխաների համար, ովքեր չունեն ծնողներ: Այս տարի առաջին անգամ պետության կողմից իրականացվել են վերապատրաստման դասընթացներ՝ այն մարդկանց համար, ովքեր պատրաստ են ընտանիք դառնալ՝ դրա կարիքն ունեցող երեխաների համար: Անցյալ տարի 45 ընտանիքներ խնամատարություն են ստանձնել 68 երեխայի համար:
Այս տարի լուրջ աշխատանք ենք տարել նաև երեխաների մուտքը հաստատություններ կանխելու իմաստով: Կարևոր փոփոխություններից մեկը երեխայից հրաժարվելուն հակելը կամ ստիպելը քրեորեն պատժելի արարք որակելն էր: Կանխարգելման այս և մյուս ծրագրերի արդյունքներն առավել, քան տեսանելի են: 2019 թ.-ին ծնողները հրաժարվել են 34 երեխայից, 2020 թ.-ին՝ մեկից: Այս ճանապարհին մեր նպատակը 0-ական ցուցանիշ ունենալն է:
Անցյալ տարի մենք փորձեցինք իրականացնել պետության՝ տարիներ շարունակ անկատար մնացած խոստումը՝ մանկատան շրջանավարտներին: Մանկատան շուրջ 300 շրջանավարտի հանձնվեցին բնակարանի գնման վկայագրեր:
Մենք ծրագրեր իրականացրինք նաև այն մարդկանց համար, ում ընտանիքներում խաթարվել է համերաշխությունը: 2020 թ. հունվարից բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության նոր կենտրոններ՝ ընդհանուր առմամբ 1800 շահառուի համար և 2 նոր ապաստարան՝ 60 շահառուի համար: Այս տարի առաջին անգամ նաև ֆինանսական միանվագ աջակցություն կտրամադրվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց:
Ընտանիքների ամրությունից և կայունությունից է կախված հասարակության բարեկեցությունը: Անցնող տարվա ընթացքում մենք փորձել են իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել ընտանիքների աղքատության հաղթահարմանը և կայուն եկամտի ձևավորմանը: Այդ նպատակով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1001 ընտանիքների պետության կողմից տրամադրվել են կենդանիներ և դրանց խնամքի համար անհրաժեշտ պայմաններ: Վերանայվել են զբաղվածության պետական ծրագրերը՝ հիմքում ունենալով զբաղվածության միջոցով աղքատության հաղթահարման գաղափարը:
Ընտանիքում ապրելու իրավունքի իրացման հարցում չենք մոռացել նաև մեր տատիկ-պապիկներին: Մշակել ենք այլընտրանքային ծառայությունների մի շարք մոդելներ՝ տարեցի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելը, խնամքի կարիք ունեցող տարեց անդամ ունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը և այլն, որոնց ներդրման համար իրավական կարգավորումներ ստեղծելու նպատակով մշակվել են Կառավարության որոշման նախագծեր և դրվել շրջանառության մեջ:
Այս տարի ընտանիքի տոնը նշանավորվեց շատ կարևոր ծրագրերի ընդունմամբ: Երեկ Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրերը, որոնք ուղղված են ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Այս ծրագրերով պետությունը կաջակցի հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող ընտանիքներին:
Սա ընտանիքներին ուղղված մեր ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է միայն:
Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը: Առողջությունը, սերը և հարգանքը միմյանց հանդեպ թող անպակաս լինեն մեր ընտանիքներից»,- նշված է նախարարի գրառման մեջ: