Մայիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:
Նախարար Մնացականյանը զրուցակցին շնորհավորել է Ռամադանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ ԱՄԷ բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին հանգամանալից քննարկում են ունեցել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ազգային և միջազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և ծրագրերը՝ ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունում Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ավանդական բարեկամության հիմքի վրա կառուցված հարաբերությունների, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության տեսանելի դինամիկայի կապակցությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու երկկողմ օրակարգի հետագա խորացմանը և հարստացմանն ուղղված քայլերը: Առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում առանձնահատուկ կարևորելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսական և զբոսաշրջության ոլորտները՝ նախարարները մտքեր են փոխանակել նաև այդ առնչությամբ տարածաշրջանային և ինտեգրացիոն շրջանակների ներուժի օգտագործման հեռանկարների շուրջ:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Ալ Նահայանին անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային մի շարք օրակարգային հարցերի: