Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի գործընկերներ, սիրելի ուղևորներ,
Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:
Նշեմ, որ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։
Սպասասրահներում նշանակվելու են ուղևորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:
Ընդգծեմ նաև, որ մետրոպոլիտենի նախասրահներում և բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն»։