ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոններին, տեղեկացրեց, որ Պարետի կողմից գործունեության բոլոր տեսակների համար սահմանվել են հատուկ կանոններ:
Սիմոնյանը հիշեցրեց, որ մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, և տեղեկացրեց, որ արգելվելու է կանգնած երթևեկում կազմակերպելը: Դա հնարավոր կլինի բացառապես այն դեպքում, երբ 9 մետրից երկար է տրանսպորտային միջոցը: Հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր, քաղաքացիները պարտադիր պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ և տրանսպորտում նստեն ախտահանիչ նյութից օգտվելուց հետո:
«Առևտրի իրականացման վայրերը նույնպես բացվելու են մայիսի 18-ից: Եթե նախկինում առևտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առևտրի իրականացման վայրերը»,- ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը շեշտեց, որ ժամանակավորապես չսահմանափակված գործունեության բոլոր տեսակներին թույլատրվելու է գործունեությունն իրականացնել այն պարագայում, եթե ամբողջովին կատարեն ու ապահովեն հավելվածներով սահմանված կանոնները:
«Սահմանափակված կմնան գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝ հյուրանոցային և բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Բացառություն կլինեն այդ գործունեության տեսակից այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»,- ընդգծեց Սիմոնյանը: