Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում մեկնաբանել է արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտությունը:
«Արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է՝ որպես մի գործիք, որն անհրաժեշտ լինի կիրառել ըստ իրավիճակի: Որքան մտածեցինք բոլոր հնարավոր պարագաներն այլ գործիքներով կառավարել, բայց կա մեկ պարագա, որն իրականացնելու համար կարծես թե միայն արտակարգ դրության գործիքն է կիրառելի. դա այն դեպքն է, երբ կոնկրետ բնակավայր անհրաժեշտ է փակել, մուտքը և ելքն այդ բնակավայրից արգելել: Դա հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, բայց ընդհանրապես կարող են լինել նաև այնպիսի զարգացումներ, որ որոշակի կանոններ պարտադրելու համար պարետատան գործունեութունն այս պահի դրությամբ անհրաժեշտ է, իսկ պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում»,- պարզաբանել է նա:
Վարչապետն անդրադարձել է արտակարգ դրության ավելի բաց պայմաններում կիրառվելիք սահմանափակումներին:
«Այս երկրորդ՝ ավելի բաց պայմաններում այն սահմանափակումները, որոնք կսահմանի պարետատունը, դրանց կիրառման նկատմամբ պետք է շատ խիստ լինել, և այդ պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ոստիկանության վրա: Երեկ ոստիկանապետի հետ այս թեմայով մենք քննարկում ունեցել ենք: Ցավոք, նախկին շրջանում մենք վստահ չենք, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են: Բայց մենք հույս ունենք, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք, և առաջիկա շրջանում սահմանված կանոններն ավելի խստորեն կպահպանվեն։ Նաև շատ կարևոր է, որպեսզի պարետի որոշումները լայնորեն լուսաբանվեն, որպեսզի վստահ լինենք, որ մարդիկ լիարժեք տեղեկացված են, թե ինչ է ակնկալվում իրենցից»,- ասել է նա: