Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագրերին, տեղեկացրեց, որ դրանց նախնական քննարկումները տեղի են ունեցել դեռ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստերին:
«Եվ սա ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերից մեկն է»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ծրագրով աջակցում են երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքային կանխավճարի գումարի որոշ չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հավելեց, որ բնակարանի անշարժ գույքի ձեռքբերման կարևոր պայմաններից է, որ այդ գործարքը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքին: «Այս դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը պետք է լինի 30 միլիոն դրամ, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 5 միլիոն դրամի չափով: Կանխավճարն այս կերպ է հաշվարկվում»,- պարզաբանեց նախարարը:
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու հարցում բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է, իսկ առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 7.5 տոկոսը:
Փոխվարչապետի խոսքով՝ կանխավճարը տրվում է մինչև 50 տոկոսը, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տրվում մարզային բնակավայրերում այդ հավելյալ կանխավճարի չափաբաժինը ապահովագրել բանկերի համար: «Այդ ապահովագրավճարը մենք ենք տալիս: Փաստացի մարդուն հնարավորություն է տրվում կանխավճար չտալ: Մի մասը մենք ուղղակի սուբսիդավորում ենք, մյուս մասը մենք ապահովագրում ենք՝ ապահովագրական ընկերության կողմից»,- տեղեկացրեց Ավինյանը: