Կառավարության այսօրվա նիստում քննարկվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագրերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ առաջարկվում է հաստատել այն և երկամսյա ժամկետում նաև ապահովել, որ Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ մշակվի ծրագրի իրականացման ձևը:
Ծրագրի նպատակն է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Համապատասխան պայմաններ պետք է ապահովվեն ընտանիքների կայուն զարգացման համար, խթանեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմաններին մարզերում։ Երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն կտրվի շահառուներին՝ համատեղել հիփոթեքային վարկի մարումը՝ այսկերպ խթանելով ծնելիությունը։
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրերը երեքն են:
-
Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը:
-
Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է երիտասարդ ընտանիքներին:
-
Երրորդը երեխայի ծննդով պայմանավորված աջակցության հիփոթեքային վարկի մարման ուղղված աջակցությունն է:
«2020 թվականի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ: Դրանից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 և երեխայի ծննդյան աջակցության տրամադրելու նպատակով 300 շահառուի»,- ասաց նախարարը: