ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկմանը հայտնեց, որ նոր որոշում կա դիմակներ կրելու մասով:
«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք են պահանջում, մեզնից հավելյալ ուշադրություն և պատասխանատվություն են պահանջում, որ վարակի տարածման արագությունը հնարավորինս տարածվի այն չափով, որով հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին»,- նշեց Ավինյանը:
Պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ այն երկրների փորձը, որոնք պարտադիր են դարձրել դիմակ կրելը, դրական ազդեցություն է ունեցել վարակի տարածման նվազեցման առումով: Մայիսի 25-ից է պարտադիր դառնալու դիմակ կրելը՝ նշեց Ավինյանը:
«Կարծում եմ՝ շատ ծայրահեղություններ չեն լինելու, չի պահանջվելու դիմակ, երբ պաղպաղակ ես ուտում, բայց դիմակ անպայմանորեն պետք է ունենալ»,- նշեց արտակարգ դրության պարետը: