Շփում եմ ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ և հիմա ռիսկի գոտում եմ, ուստի պարտավոր եմ պաշտպանել ուրիշներին, եթե ինձ մոտ վաղը, օրինակ՝ վարակ հայտնաբերվի: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ շփման ընթացքում պահպանել է անվտանգության բոլոր կանոնները:
«Հուսով եմ, որ վարակ չի արձանագրվի, բայց ես շարունակում եմ աշխատել՝ գրեթե զրոյի հասցնելով շփումները: Աշխատում եմ հեռախոսով, տեսակապով: Հորդորում եմ այս մասով հարցը փակել և դրանից պատմություն չդարձնել, հարգել մարդկանց բժշկական գաղտնիքի իրավունքը և մեզնից չպահանջել հայտնի մարդկանց անուններ, դա էթիկապես և օրենսդրորեն ճիշտ չէ»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը՝ Ա.Թորոսյանը նշեց, որ նոր վարքագծի կանոնները պահպանելու համար անհրաժեշտ է նոր ռեժիմ: «Արտակարգ դրության երկարաձգումը ինքնանպատակ չէ, այն հրամայական է՝ հակահամաճարակային գործողություններին միտված հիմք, առանց որի չենք կարող շարունակել: Ուստի կոչ եմ անում ընդդիմախոսներին սթափ դատել և ուշադրություն դարձնել խոսքին, այն մեծ ուժ ունի»,- ընդգծեց Ա.Թորոսյանը:
Նա հայտնեց, որ գործելու են արդեն հայտնի կանոնները, և ներդրվելու են նոր վարքագծային կանոններ, միաժամանակ պատասխանատվության խիստ միջոցներ են սահմանվելու: