Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության երկարաձգման որոշման քննարկմանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ քայլ է: Տեղեկացրեց, որ այս փուլում գնում են սահմանափակումների մեղմացման՝ նոր կանոնների սահմանմամբ:
«Նոր պայմանաններում ապրելու և կանոններին հնարավորինս հետևելու անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկային կյանքեր փրկելու խնդրով: Եթե մենք կարողանանք ապահովել այս պայմաններում մեր տնտեսության, սոցիալական կյանքի բնականոն ընթացքը, սա կնշանակի, որ ունենք մեր հաղթահարման բանաձևը: Եթե չկարողանանք, ինչ-որ մի փուլում վստահաբար ստիպված ենք լինելու վերադառնալ ավելի դժվարին և ծանր սահմանափակումների ռեժիմի»,- ընդգծեց Ավինյանը:
Փոխվարչապետն ասաց, որ այդ դեպքում վերահսկողության շատ ավելի մեծ ռեսուրս կներգրավեն: Շեշտեց՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է պահպանել կանոնները և խստորեն հետևել, որ իր շրջապատում ևս հետևեն այդ կանոններին: