Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերին: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին օրերին հաստատված նոր դեպքերի թիվը եռանիշ է, ինչը մտահոգության առիթ է տալիս:
Ըստ վարչապետի՝ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է վարկած, թե կորոնավիրուս չկա, սարքած գործ է: Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչն է նման վարկած տարածելու պատճառը:
«Խնդիրն այն է, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտ 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Եվ, ըստ էության, այս պարագայում հիվանդությունը մարդու համար թղթի վրա գրված ախտորոշում է:
Ի՞նչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք՝ հիվանդ ենք: Նկատի ունենք, որ ջերմություն ունենք, ցավ ունենք և այլն, բայց մեր դրական ախտորոշված պացիենտների 75 տոկոսը ուղղակի թղթի վրա գրած ախտորոշում է»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք բուժվել ու դուրս են գրվել հիվանդանոցից, բայց շարունակում են չհավատալ դեպքին:
Վարչապետը նշեց, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ պետք է այսօր արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում կայացվի:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզելու ճանապարհով, որտեղ պետք է՝ պարտադրենք պահել անվտանգության կանոնները: Մեր ռազմավարությունն է՝ ոչ մի կերպ չվերադառնալ փակման ռժիմին»,- նշեց վարչապետը՝ մանրամասնելով, որ նախկինում փակման ռեժիմը որդեգրվեց հիվանդանոցային կարողությունները ընդլայնելու, վերադասավորումներ անելու համար:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դեռ մարտ ամսին հաշվարկել էին, որ եթե Հայաստանում կորոնավիրուսը զարգանար «իտալական սցենարով», ապա մեկ ամսվա ընթացքում կունենայինք 10.000 մահ:
«Մենք համոզված չէինք, որ այդ սցենարով չի ընթանա, և, եթե անկեղծ ասեմ, մինչև հիմա էլ համոզված չենք: Պետք է արձանագրենք, որ ինչքան էլ մեր ռազմավարությունը սահմանափակումների ռեժիմին չվերադառնալն է, այնուամենայնիվ, մենք կարող ենք ստիպված լինել գնալ այդպիսի որոշման: Դա կլինի մի պարագայում, եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Եթե պարզվի, որ կա 1500-ից ավելի հիվանդ, որ ունի բուժօգնության կարիք, անհրաժեշտություն, մենք ստիպված կլինենք, ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,- տեղեկացրեց վարչապետը՝ հավելելով, որ երկրում համավարակի ակտիվ 2217 դեպքից 600-ը որևէ բուժօգնության կարիք ունեն: