Կորոնավիրուսի հիվանդացության թվերի աճին զուգահեռ պատրաստվում ենք անցնել տնային բուժման համակարգին, ասիմպտոմ հիվանդները բուժումը շարունակելու են տանը: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ արդեն որոշված է՝ հաստատված դեպքերի հետ շփված անձինք այլևս հյուրանոցներում չեն մեկուսացվում, նրանք միայն ինքնամեկուսացվում են, իսկ հյուրանոցներում դեռևս շարունակում են պահվել ասիմպտոմ դեպքերը:
«Եթե մենք շարունակենք օրական ունենալ 150 նոր դեպք, 70-80 ապաքինված, ապա 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ հիվանդներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք նրանց 14 օր մնալ իրենց տներում: Կառաջանա պատասխանատվության խնդիր. եթե ասիմպտոմ հիվանդները դուրս գան տնից, ապա վարակելու են իրենց շրջապատի մարդկանց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հիվանդանոցներում մնալու են միայն բուժման կարիք ունեցող քաղաքացիները:
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր մասնակցել է կորոնավիրուսի թեմայով աշխատանքային հեռավար քննարկման, որում որպես ամփոփում հնչել է հետևյալ միտքը՝ եթե անգամ դեղամիջոց կամ պատվաստանյութ լինի, միևնույն է՝ կորոնավիրուսի համաճարակի վերջը կլինի 5 տարի հետո: «Սա չեմ ասում վախեցնելու համար, այլ որ վարքագիծ փոխենք: Ուստի պետք է լրջանանք և փորձենք մեր վարքագիծը ճշգրտել նշված ժամանակահատվածի համար, ստեղծենք նոր առօրյա»,- ասաց Ա.Թորոսյանը: