Խոսակցության մեկ րոպեի ընթացքում նվազագույնը կորոնավիրուսային ինֆեկցիայի 1000 միկրոկաթիլ է առանձնանում, որն օդի մեջ կարող է մնալ 8-14 րոպե: Այս մասին նշվում է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներում, որը հրապարակվել է PNAS ամսագրում:
Գիտնականները փորձի մասնակիցներին խնդրել են 25 վայրկյան բարձրաձայն կրկնել «Եղեք առողջ» արտահայտությունը փակ տարածությունում, որից հետո տարածքը ստուգվել է խիստ զգայուն ճառագայթային լազերով, որպեսզի արտանետված մասնիկները տեսանելի լինեն և, ըստ այդմ, կարողանան հաշվել:
«Բարձր խոսակցության ժամանակ վարակի շուրջ 1000 մասնիկ կարող է արտանետվել: Փակ տարածությունում դրանք անհետանում են 8-14 րոպե հետո»,- հայտնում է աղբյուրը:
Փորձի կատարման ժամանակ հաշվի չեն առնվել օդի տեղաշարժը, ջերմաստիճանի փոփոխությունները և այլ գործոններ, բայց այն փաստը, որ վիրուսը կարողանում է խոսակցության ժամանակ տարածվել և մնալ օդում, ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի վարակվածներն անպայման դիմակ կրեն: