Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Հայաստանում 30 օրով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելուն, տեղեկացրեց՝ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում հանձնուքի ընդունման կարգում: Ըստ այդմ՝ մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում կթույլատրվի դատապարտյալին հանձնել մեկ հանձնուք: Սա կարվի բոլոր անհրաժեշտ պահանջներն ապահովելու պայմանի դեպքում:
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով: Դրանք վկայում են, որ կանխարգելման միջոցառումները որոնք իրականացվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են»,- ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ չեն բացառում, որ կորոնավիրուսի տարածման նման տեմպերն ու տարածումը կբերեն նաև իրավիճակի, երբ կլինի նաև վարակված դատապարտյալ: Նախարարը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց նախապատրաստել են հատուկ կահավորված մասնաշենք: Ասաց՝ այնտեղ հնարավոր կլինեն ապահովել արդյունավետ բուժումը, վերահսկողությունը և մեկուսացումը:
«Քրեակատարողական ծառայողների շրջանում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ հերթափոխի մասնակիցներն են վարակված, ութ դեպք ունեինք, դրանից հետո մի քանի կասկածելի դեպք ենք ունեցել, որտեղ թեստավորումներ ենք իրականացրել. թեստերը դեռ ընթացքի մեջ են: Մեկ դեպք ունեցել էինք ծառայողների շրջանում՝ կարծես Սևանում և Հրազդանում»,- հայտնեց նախարարը:
Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակը լավագույններից մեկն է, այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է : «Մյուս բոլոր երկրներում, որտեղ հրատապ միջոցառումներ են իրականացրել համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են նրանով, որ 100 տոկոսից ավելի է բեռնվածությունը: Մեզ մոտ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, որի մասին վկայում են թվերը: 0 դեպք ունենք կալանավորված և դատապարտյալ անձանց շրջանում»,- ընդգծեց Բադասյանը: