ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել:
1lurer.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ Պապիկյանի թեստը բացասական է եղել: Այնուամենայնիվ, նախարարը կմնա ինքնամեկուսացված, միաժամանակ, հեռավար կարգով շարունակելով աշխատանքը:
«Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են ստացել ինքնամեկուսանալու»,- ասաց Արմինե Մուրադյանը:
Հիշեցնենք՝ Պապիկյանն այսօր չէր մասնակցել կառավարության նիստին: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով Պապիկյանն ինքնամեկուսացվել է: