Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը թույլատրել է 27 գործով հետաքննություն սկսել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ:
Բոլոր գործերը կապված են Իմամօղլուի 2014-2019 թթ. Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանի ղեկավար աշխատած տարիների գործունեության հետ: ՆԳՆ-ն 6 ամիս տևած ստուգումների ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել էր Ստամբուլի ներկա քաղաքապետի ղեկավարության տարիներին 2156 ձեռներեցի տրամադրված լիցենզիաների, 5033 շինթույլտվությունների, 685 աճուրդի, 1840 ուղղակի գնումների ու բազմաթիվ այլ գործընթացների փաստաթղթերը, որից հետո դատախազությանը 27 գործի վերաբերյալ հետաքննություն սկսելու թույլտվություն է տրվել։
Ի դեպ, Իմամօղլուի աշխատանքային գործունեության ուսումնասիրությունը սկսվել էր 2019-ի մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում նրա հաղթանակից, ապա՝ ընտրությունների չեղարկումից ու կրկնակի ընտրությունների նշանակումից հետո: