ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հարցին, թե իշխանությունն ինչ փաստեր ու հիմքեր ունի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է արտախորհրդարանական ուժերի, նախկինների հետ:
Ռուբինյանի կարծիքով՝ նպատակը տպավորություն ստեղծելն է, որ Աժ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, իսկ պատգամավորներն էլ չեն տարբերվում նախորդներից:
«Շատ տրամաբանական էր, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծելը: Խոսքը նախկին իշխանությունների մասին է, որոնք չէին անցել խորհրդարան: Իրենք ուզում էին ապալեգիտիմացնել այս Ազգային ժողովը տարբեր մեթոդներով, ներառյալ՝ իրենց լրատվամիջոցների կողմից տարվող ագիտացիայով: Եթե մի քանի փաստ համադրենք, կստացվի, որ վերջին շրջանում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ անում՝ որոշ պատգամավորների առանձին պահվածքով»,- ասաց Ռուբինյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա իրադարձությունների զարգացումը, ժամանակն է վերջ տալ այդ թեմայի քննարկմանը:
«Կարծում եմ՝ մեր հանրությունը արժանի է Ազգային ժողովում ավելի բովանդակային, քաղաքական խոսակցությունների: Մեր քաղաքական ուժի ղեկավարն առավել քան հստակ դատապարտել է բռնությունը, արտահայտել դիրքորոշումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: