Մայիսի13-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Դեսպանը և նախարարը քննարկել են ՔՈՎՒԴ-19 համավարակի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը։
Նախարար Բաթոյանը գնահատել է ԵՄ աջակցության արագ մոբիլիզացումը մասնավորապես՝ ՀՀ մարզերում, ինչպես նաև ակնկալվող կարևոր հավելյալ միջոցները, որոնք կօգնեն Կառավարությանը վերականգնմանն ուղղված միջնաժամկետ պլանների իրականացման գործընթացում։
Նախարարը դեսպանին ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության ներկա փուլը, ինչպես նաև գենդերային բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված Կառավարության ջանքերը։ Երկուստեք կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ սերտ աշխատանքը։
Դեսպան Վիկտորինը գոհունակություն է հայտնել կորոնավիրուսային համավարակի արձագանքման շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և նախարարության աշխատակիցների կողմից ջանքեր ներդնելու և կարիքի մեջ հայտնված խմբերին օգնելու առիթով։